Անցնել բովանդակությանը

«Գաղաադ» դպրոցի 137-րդ դասարանի ավարտական ծրագիրը

«Գաղաադ» դպրոցի 137-րդ դասարանի ավարտական ծրագիրը

2014թ. սեպտեմբերի 13-ին Եհովայի վկաների կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք) տեղի ունեցավ «Գաղաադ» դպրոցի 137-րդ դասարանի ավարտական ծրագիրը։ Արդեն իսկ մեծ փորձ ունեցող Եհովայի վկաները այս դպրոցում սովորում են լինել ավելի արդյունավետ իրենց ծառայության մեջ՝ կերտել ժողովները և լիովին աջակցել այն մասնաճյուղերի գործունեությանը, որտեղ նշանակված են։ Ծրագիրը դիտեց 12333 մարդ, մի մասը՝ Պատերսոնում, մյուսներն էլ վիդեոկապի միջոցով ԱՄՆ-ի, Կանադայի, Պուերտո Ռիկոյի և Ջամայկայի այլ սրահներում։

Ծրագրի նախագահողն էր Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը։ Բացման խոսքում նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե որքան բարձր են Եհովայի մտքերը մեր մտքերից (Եսայիա 55:8, 9)։ Նա ասաց, որ հինգ ամիս ինտենսիվորեն Աստծու մտածելակերպը ուսումնասիրելու արդյունքում ուսանողները «նշմարել» են միայն նրա «ճանապարհների եզրերը» (Հոբ 26:14)։ Այնուհետև եղբայր Հերդն ասաց, որ ամեն անգամ, երբ հավաքվում ենք քննելու Աստծու մտքերը, օգուտներ ենք քաղում, և «Գաղաադի» ավարտականի այս ծրագիրն էլ նման հանդիպումներից մեկն է։

«Ոգու պտուղն է.... համբերատարություն» (Գաղատացիներ 5:22)։ ԱՄՆ-ի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ջոն Լարսոնը ընդգծեց երկու ոլորտ, որոնցում կարող ենք դրսևորել ոգու այս պտուղը՝ համբերատարությունը։ Առաջին՝ պետք է համբերատար լինենք Եհովայի հանդեպ, մինչ նա կրթում և օգնում է մեզ ամուր հաստատված լինել հավատի մեջ (1 Պետրոս 5:10)։ Այս հարցում լավ օրինակ է թողել Աբրահամը։ Նա թույլ տվեց, որ Եհովան կրթի իրեն, և համբերությամբ սպասեց, մինչև որ Աստված կատարի իր խոստումը (Եբրայեցիներ 6:15

Երկրորդ՝ մենք պետք է համբերատար լինենք ինքներս մեր հանդեպ։ «Գաղաադն» ավարտելուց հետո շրջանավարտները գուցե իրենց հանդեպ խստապահանջ լինեն։ Եվ եթե իրենց նշանակման մեջ ամեն ինչ լավ չստացվի, թերևս մտածեն. «Ինչո՞ւ չի ստացվում»։ Իր սեփական փորձից ելնելով՝ եղբայր Լարսոնը վստահեցրեց, որ շրջանավարտները կկարողանան հաղթահարել դժվարությունները, եթե համբերատար լինեն իրենք իրենց հանդեպ և շարունակեն աշխատասիրություն դրսևորել, մինչ Եհովան կրթում է իրենց (Եբրայեցիներ 6:11, 12

«Թող ձեր սրտերը խոնարհ լինեն և ապրեն հավիտյան»։ Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսի ելույթը հիմնված էր Սաղմոս 22:26-ի վրա, որտեղ ասվում է. «Թող ձեր սրտերը ապրեն հավիտյան»։ Այս օրհնությանն արժանանալու համար մենք պետք է խոնարհ լինենք։ Եղբայր Մորիսը նշեց, որ եթե կորցնենք խոնարհությունը, այլևս պիտանի չենք լինի Եհովայի համար։ Մեզանից յուրաքանչյուրը, նույնիսկ երկար տարիներ ճշմարտության մեջ լինողներս, հնարավոր է՝ դադարենք գիտակցել, թե որքան կարևոր է մեզ համար Քրիստոսի պես լինել (2 Պետրոս 1:9

Աստվածաշնչում բերվում են թե՛ խոնարհ, թե՛ գոռոզ մարդկանց օրինակներ։ Հերովդես Ագրիպպասը մեծամտաբար ընդունեց ժողովրդի տված այն փառքը, որին միայն Աստված է արժանի, ինչի համար էլ Աստծու հրեշտակը «հարվածեց նրան», ու «որդերը նրան կերան» (Գործեր 12:21–23)։ Իսկ երբ Հիսուսը Պետրոսին հանդիմանեց, որ «Աստծու մտքերը չի խորհում, այլ մարդկանց», նա չվիրավորվեց ու չբարկացավ (Մատթեոս 16:21–23)։ Պետրոսն ընդունեց խրատը և խոնարհության օրինակ թողեց (1 Պետրոս 5:5

Քանի որ շրջանավարտների մի մասը ծառայելու է տարբեր Բեթելներում, եղբայր Մորիսը զգուշացրեց, որ առանց խոնարհության նրանք ուրախություն չեն ստանա իրենց նշանակումից։ Սակայն դժվար է մեր մեջ նկատել խոնարհության պակասը։ Նա պատմեց, որ երկար տարիներ առաջ երբ մի երեցի խորհուրդ տվեցին խոնարհություն չդրսևորելու համար, նա մասնաճյուղին նամակ գրեց՝ ասելով. «Ես չեմ ճանաչում ուրիշ մեկին, ով ինձանից խոնարհ լինի»։ Եղբայր Մորիսը շրջանավարտներին հորդորեց խուսափել նման մտածելակերպից։ Նրանք կմնան խոնարհ, եթե թույլ չտան, որ իրենց ունեցած իշխանությունը հպարտացնի իրենց սիրտը, և գիտակցեն, որ իսկական իշխանությունը գալիս է Եհովա Աստծուց ու Հիսուս Քրիստոսից։

«Աստված իր ոգին խնայելով չի տալիս» (Հովհաննես 3:34)։ «Գաղաադ» դպրոցի ուսուցիչ Մայքլ Բարնետը հիշեցրեց ուսանողներին, որ սուրբ ոգին կօգնի նրանց հաղթահարել դժվարությունները և փարատել կասկածները, որ կունենան իրենց նշանակման մեջ։ Աստծու ոգին ունակ դարձրեց Բեսելիելին կատարելու խորանի կառուցման մեջ իր հանձնարարությունները (Ելք 35:30–35)։ Սակայն սուրբ ոգին նրան ոչ միայն հմուտ արհեստավոր դարձրեց, այլև ուրիշներին սովորեցնելու կարողություն տվեց։ Սուրբ ոգին կարող է «Գաղաադի» շրջանավարտներին էլ օգնել, եթե նրանք հետևեն Աստվածաշունչն ուսուցանելու այն կերպին, որ սովորեցին դասերի ընթացքում։

Բեսելիելի օրերում իսրայելացի կանայք նույնպես կարևոր դեր ունեցան խորանի շինարարության մեջ (Ելք 35:25, 26)։ Դասարանում սովորող քույրերը ցույց տվեցին, որ իրենք այդ կանանց պես «իմաստուն սիրտ» ունեն, քանի որ ամեն կերպ աջակցում էին իրենց ամուսիններին։ Եղբայր Բարնետը եզրափակեց իր ելույթը՝ տալով հետևյալ խորհուրդը. «Ձեր ընդունակությունները համեմեք խոնարհության ու հնազանդության ոգով։ Այդ դեպքում Եհովան առատորեն կտա ձեզ իր ոգին»։

«Կպարե՞ս ինձ հետ»։ Մարկ Նումարը, ով օգնում է ուսումնական կոմիտեում, իր ելույթում հիշատակեց այն դեպքը, երբ Դավիթ թագավորը ուխտի տապանակը բերել տվեց Երուսաղեմ (2 Սամուել 6:12–14)։ Երբ տապանակը մտավ քաղաք, Դավիթը ուրախությունից պարեց «իր ծառաների՝ աղախինների» հետ (2 Սամուել 6:20–22)։ Աղախինները երբեք չէին մոռանա այդ օրը։ Եղբայր Նումարը քաջալերեց շրջանավարտներին «պարել աղախինների» հետ և նրանց հարց ուղղեց. «Պատրաստ կլինե՞ք օգնել քիչ պատասխանատվություն ունեցողներին կամ սովորական ծառայողներին.... Կգնահատե՞ք մարդկանց իրենց հոգևոր հատկությունների համար»։

Շրջանավարտները ընդօրինակած կլինեն Եհովային, եթե նրա պես սիրառատ բարություն դրսևորեն (Սաղմոս 113:6, 7)։ Նույնիսկ եթե իրենց շրջապատում լինեն մարդիկ, ովքեր կթերանան խոնարհություն դրսևորել, շրջանավարտները չպետք է թույլ տան, որ ուրիշների անկատարությունը ազդի իրենց վրա։ «Ձեզ չնչին մեկը համարեք,— ասաց եղբայր Նումարը։ Ապա ավելացրեց,— Եհովայի հոտի հետ վարվեք այնպես, ինչպես ինքը կվարվեր»։

«Ամեն հարմար առիթով վկայություն տվեք»։ Ուիլյամ Սեմյուելսոնը՝ աստվածապետական դպրոցների բաժնի վերակացուն, օրինակ բերեց Պողոս առաքյալին, ով ամեն առիթ օգտագործում էր բարի լուրը քարոզելու համար (Գործեր 17:17)։ Այնուհետև նա ներկայացրեց ծառայության ժամանակ ուսանողների հետ պատահած մի քանի դեպք, որոնք վերջիններս բեմականացրին։ Օրինակ՝ մի ամուսնական զույգ մթերային խանութում զրուցեց գանձապահի հետ։ Նրանք սպասեցին, մինչև հաճախորդները քչանան, և ցույց տվեցին նրան «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ Նաև նրա ուշադրությունը հրավիրեցին jw.org կայքի վրա, որտեղ նա կարող էր իր մայրենի լեզվով՝ լաոսերենով, նյութեր գտնել։ Զույգը հնարավորություն ունեցավ հետո այցելելու այդ կնոջը և նրա մեջ վառ պահելու հետաքրքրությունը։

«Շարունակեք պատրաստ լինել ծառայելու համար»։ Ուիլյամ Նոնկիսը, ով ծառայում է Միացյալ Նահանգների մասնաճյուղի ծառայողական բաժնում, չորս շրջանավարտներից հարցազրույց վերցրեց։ Եսայիա 6:8-ում արված կոչին արձագանքելով՝ նրանք արդեն իսկ պատրաստակամորեն իրենց անձերը տրամադրել էին ծառայությանը։ Սակայն դպրոցը ավելին անելու պատրաստակամությամբ լցրեց նրանց։ Քույր Սնոլիա Մասեկոն պատմեց, որ «Գաղաադը» բացահայտել է, թե որ ոլորտներում ինքը կարող է բարելավումներ անել, օրինակ՝ ինչպես կարող է ամբողջ օրը ծառայության մեջ անցկացնելուց հետո օրվա վերջում մնացած ժամանակը իմաստուն օգտագործել։ Նա ասաց. «Կրթությունն օգնեց ինձ հասկանալ, որ կարող եմ ավելին անել, քան կարծում էի»։ Եղբայր Դենիս Նիլսենը հասկացել է, թե ինչպես Սոփոնիա 3:17-ում գրված միտքը կարող է օգնել իրեն չվհատվել ծառայության ժամանակ։ Նա ասաց. «Ծառայության ժամանակ, երբ արդյունքները հրաշալի չեն լինում, պետք է հիշեմ, որ, միևնույնն է, Եհովան հրճվանքով է նայում ինձ։ Ուրեմն տխրելու պատճառ չունեմ»։

«Ուշադիր նայեք երկնքի թռչուններին» (Մատթեոս 6:26)։ Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը ներկայացրեց ծրագրի գլխավոր ելույթը։ Մեջբերելով Հիսուսի խոսքերը, որ պետք է «ուշադիր նայենք երկնքի թռչուններին»՝ եղբայր Լեթը նշեց, թե ինչ կարող ենք սովորել նրանցից (Հոբ 12:7

Օրինակ՝ Եհովան կերակրում է թռչուններին։ Ուրեմն նա մեր մասին էլ կհոգա, քանի որ մենք «Աստծու տան» անդամներն ենք (1 Տիմոթեոս 3:15; 5:8)։ Ինչ խոսք, մենք էլ մեր ձեռքից եկածը պետք է անենք։ Ինչպես որ թռչունները պետք է փնտրեն այն ուտելիքը, որ Աստված տրամադրում է նրանց, այնպես էլ մենք պետք է «շարունակենք նախ թագավորությունը փնտրել», որպեսզի ստանանք նրա օրհնությունները (Մատթեոս 6:33

Եղբայր Լեթը նշեց, որ թռչունների շատ տեսակներ վտանգ նկատելու դեպքում նախազգուշական ձայներ են արձակում։ Մենք էլ նախազգուշացնում ենք մեր հավատակիցներին, օրինակ՝ երբ տեսնում ենք, որ նրանք «սխալ քայլ են անում նախքան դա գիտակցելը» (Գաղատացիներ 6:1)։ Իսկ մեր քարոզչական ծառայությամբ նախազգուշացնում ենք մարդկանց «Եհովայի օրվա» մասին, որն արագ մոտենում է (Սոփոնիա 1:14)։ Եղբայր Լեթը նաև բացատրեց, որ ինչպես չվող թռչուններն են երամ կազմած անցնում բարձր սարերը, այնպես էլ մենք Եհովայի օգնությամբ անցնում ենք անհաղթահարելի թվացող խոչընդոտները (Մատթեոս 17:20

Ծրագրի եզրափակիչ մասը։ Երբ շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, նրանցից մեկը կարդաց շնորհակալական նամակը ամբողջ դասարանի անունից։ Փակման խոսքերում եղբայր Հերդը Եհովայի մտքերը մեր սրտում արմատավորելու պրոցեսը համեմատեց երկաթուղու ռելսերը մեխով արմրացնելու հետ։ Դա անելու համար մուրճի մեկ հարվածը բավական չէ։ Նույն ձևով էլ շրջանավարտները պետք է շարունակեն մտածել «Գաղաադում» իրենց սովորած բաների շուրջ։ «Ժամանակ հատկացրեք դրանք գամելու ձեր սրտի խորքում,— ասաց եղբայր Հերդը։ Ապա ավելացրեց,— Աստծու մտածելակերպը ձերը դարձրեք, և դուք կօրհնվեք»։