Անցնել բովանդակությանը

Միավորված սիրո կապով—Միջազգային համաժողով Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում

Միավորված սիրո կապով—Միջազգային համաժողով Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում

«Դա ընտանեկան խնջույք էր»։ Այս վերնագիրը գրված էր «Frankfurter Rundschau» թերթում։ Ներկաները համաձայն էին այս խոսքերի հետ։

«Ես ինձ զգում եմ ինչպես տանը»,— ասում է Կարլան, ով եկել էր Պուերտո Ռիկոյից։

«Ինձ մոտ այն զգացումն է, ասես իմ ընտանիքին եմ այցելել, պարզապես երկրագնդի մյուս կողմում»,— ասում է Սարան, ով եկել էր Ավստրալիայից։

Ի՞նչն էր մղել նրանց նման ջերմ զգացմունքներ արտահայտել։ Եհովայի վկաների միջազգային համաժողովը, որն անցկացվեց 2014թ. հուլիսի 18–20-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի «Կոմերցբանկ-Արենա» ստադիոնում։ Ներկաների թիվը գրեթե 37000 էր։

Նրանք հավաքվել էին, որպեսզի սովորեն Աստվածաշնչից։ Ծրագրում ընդգրկված էին Աստվածաշնչի ընթերցանություն, երգ, աղոթք, երկու ներկայացում և աստվածաշնչյան ելույթներ։

Ներկաների թվում կային ոչ միայն տեղի Վկաներ, այլև 3000 պատվիրակներ այլ երկրներից՝ Ավստրալիայից, Լիբանանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից և Սերբիայից։ Եկել էին նաև 230 հատուկ լիաժամ ծառայողներ 70 երկրներից։

Ծրագրի որոշ մասեր ուղիղ կապով հեռարձակվեցին Գերմանիայի 19 այլ վայրեր, ինչպես նաև Ավստրիա և Շվեյցարիա։ Ծրագիրը ընդհանուր առմամբ լսեց 204046 հոգի։

Սահմանները խոչընդոտ չեն

Ֆրանկֆուրտի համաժողովին ծրագիրը ներկայացվեց անգլերեն, գերմաներեն և հունարեն։ Հեռարձակվող տարածքներում ծրագիրը թարգմանվեց 17 լեզուներով, ներառյալ արաբերեն, թամիլերեն, թուրքերեն, չինարեն և ժեստերի երկու լեզուներով։

Չնայած որ Վկաները տարբեր երկրներից էին, խոսում էին տարբեր լեզուներով և ունեին տարբեր մշակույթներ, նրանց մեջ միասնություն էր տիրում։ Նրանց միավորում էր սերը (Հովհաննես 13:34, 35)։ Բոլորը միմյանց համար քույր-եղբայրների պես էին։

«Մենք անձամբ զգացինք, թե ինչպես են մեր միջազգային եղբայրության համար վերանում սահմանները»,— ասում է Թոբիասը, ով եկել էր Մեծ Բրիտանիայից։

«Ես հանդիպեցի ավելի քան 20 երկրներից եկած հավատակիցների։ Մեզ միավորում է Աստծու և միմյանց հանդեպ սերը»,— ասում է Դավիանան, որը Պուերտո Ռիկոյից է։

«Ես ապրում եմ մի փոքր գյուղաքաղաքում,— ասում է Մելքոմը, որը Ավստրալիայից է։— Կարդացել և դիտել եմ տեսանյութեր մեր միջազգային եղբայրության մասին, բայց հիմա անձամբ տեսնում եմ, թե ինչ է դա։ Տպավորությունը ցնցող է։ Հավատդ այստեղ այնքա՜ն է զորանում»։

Անմոռանալի հյուրասիրություն

Ֆրանկֆուրտի և նրա շրջակայքի 58 ժողովներից Վկաները պատվիրակների համար նվերներ էին պատրաստել և կազմակերպել էին հետաքրքիր երեկոյան ժամանց։

«Մեր հանդեպ հրաշալի հյուրասիրություն ցույց տրվեց»,— ասում է Սինտիան, որը Միացյալ Նահանգներից է։— Ես երբեք չեմ մոռանա եղբայրների անսահման սերը, առատաձեռնությունն ու բարությունը»։

«Ամենուր մարդկանց ուրախ ծիծաղն էր լսվում, զգում էիր բոլորի ջերմ սերը։ Ինչքա՜ն բան ունենք սովորելու իրարից»,— ասում է Զիմոնը, որն ապրում է Գերմանիայում։

«Երեկոյան կազմակերպված ժամանցները վկայում են, որ մենք՝ Եհովայի վկաներս, ֆանատիկներ ու ճգնավորներ չենք։ Մենք գիտենք՝ ինչպես զվարճանալ, իսկապես զվարճանալ»,— ասում է Էմին՝ Ավստրալիայից եկած մի պատվիրակ։

Ջերմ հուշեր

Ֆրանկֆուրտի համաժողովը մեկն էր այն ինը միջազգային համաժողովներից, որ անցկացվեցին ամբողջ աշխարհում։

Երբ Ֆրանկֆուրտ եկած պատվիրակներից մեկին հարցրին իր տպավորությունների մասին, նա ասաց. «Պատկերացրու՝ գտել ես բարեկամիդ, կամ, ասենք, եղբորդ, որի գոյության մասին չգիտեիր, ու երբ հանդիպում ես, նա բաց է անում իր տան և սրտի դռները քո առաջ։ Իհարկե կլցվես աննկարագրելի ուրախությամբ։ Հիմա այդ ուրախությունը բազմապատկիր 37000-ով։ Հենց այսպիսի ուրախություն ենք զգում այստեղ»։