Օգնություն՝ «հասարակածի զմրուխտում» բնակվող խուլ մարդկանց
Ինդոնեզիայում, որը երբեմն կոչում են «հասարակածի զմրուխտ», ապրում են միլիոնավոր խուլ մարդիկ։ Այս մարդկանց աջակցելու համար Եհովայի վկաները ինդոնեզական ժեստերի լեզվով պատրաստում են Աստվածաշնչի վրա հիմնված բազմաբնույթ նյութեր և կրթական ծրագրեր։ Նրանց ջանքերը աննկատ չեն մնացել։
Ժեստերի լեզվով համաժողով
2016 թ.-ին Մեդան քաղաքում (Հյուսիսային Սումատրա) Եհովայի վկաները ինդոնեզական ժեստերի լեզվով համաժողով անցկացրին, որին ներկա եղավ այդ շրջանի անվտանգության ծառայության բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նա գովեց Վկաներին անվճար կրթական ծրագիր կազմակերպելու համար։ Այդ մարդը այնքան էր տպավորվել իր տեսածով, որ նույնիսկ փորձեց ներկաների հետ երգել՝ կրկնելով նրանց ժեստերը։
Համաժողովը «անցավ առանց միջադեպերի ու բարեհաջող,— ասաց շինության մենեջերը։— Հուսով եմ, որ Վկաները կշարունակեն այսպիսի օգտակար միջոցառումներ կազմակերպել լսողության խնդիրներ ունեցող մեր մերձավորներին օգնելու համար»։ Ապա ավելացրեց, որ երբ շինության տերը իմացավ, որ համաժողովը խուլ մարդկանց համար է, «ցանկացավ մի լավ բան անել Վկաների համար։ Ուստի հանձնարարեց ինձ ճաշ կազմակերպել [բոլոր 300] ներկաների համար»։
Գնահատանք՝ ժեստերի լեզվով տեսանյութերի համար
Եհովայի վկաները նաև անձամբ այցելում են խուլ անհատներին, որ հայտնեն աստվածաշնչյան լուրը։ Նրանք հաճախ ինդոնեզական ժեստերի լեզվով տեսանյութեր են ցույց տալիս, որոնց նպատակն է օգնել մարդկանց արդյունավետ և բավարարված կյանքով ապրելու։
«Այն աշխատանքը, որ անում եք խուլերի կարիքների մասին հոգալու համար, գովեստի է արժանի,— նշում է Մահենդրա Թեգու Պրիսվանտոն, ով Սեմարանգ քաղաքում (Կենտրոնական Ճավա) Խուլերի բարեկեցության հարցերով զբաղվող ինդոնեզական ասոցիացիայի փոխտնօրենն է։— Օրինակ՝ շատ օգտակար է «Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել» տեսանյութը։ Մենք շնորհակալ կլինեինք, եթե այս գործը շարունակվեր»։
Նրանք «սեր են ցուցաբերում»
Յանտի անունով մի խուլ կին անչափ տպավորվել էր Վկաների թափած ջանքերով։ Նա ասում է. «Մարդիկ հաճախ ծաղրում են խուլերին, բայց Եհովայի վկաները սեր են ցուցաբերում։ Բազմաթիվ լսող Վկաներ ժեստերի լեզու են սովորում, որպեսզի խուլ մարդկանց օգնեն ճանաչելու Արարչին և բարելավելու իրենց կյանքի որակը։ Ես տպավորված եմ՝ տեսնելով նրանց անկեղծ ջանքերը»։
Յանտին ի վերջո դարձավ Եհովայի վկա և այժմ ծառայում է թարգմանչական խմբում, որը ինդոնեզական ժեստերի լեզվով տեսանյութեր է պատրաստում։ Նա ասում է. «Մեր պատրաստած նյութերը օգնում են ժեստերի լեզուն լավ չիմացող մարդկանց բարելավելու ժեստերին տիրապետելու իրենց ունակությունը։ Վկաները նաև սովորեցնում են, թե ինչպես երջանիկ և իմաստալից կյանքով ապրել»։