Անցնել բովանդակությանը

«Կանայք իրենց ուրույն տեղն ունեն շինհրապարակում»

«Կանայք իրենց ուրույն տեղն ունեն շինհրապարակում»

Մեծ Բրիտանիայում մի հեղինակավոր շինարարական կազմակերպություն գովել է Եհովայի վկաներին այն բանի համար, որ նրանք վերապատրաստել են կանանց՝ Չելմսֆորդից (Էսսեքս) ոչ հեռու գտնվող իրենց նոր մասնաճյուղի շինհրապարակում ծանր սարքավորումներ աշխատեցնելու համար։ «Քընսիդըրըթ Քընսթրաքշն Սքիմ» կազմակերպությունը a շինարարության մեջ կանանց վերապատրաստելու Վկաների մեթոդները գնահատել է ամենաբարձր՝ 10 բալով։ Ինչո՞ւ են նրանք արժանացել այդքան բարձր գնահատականի։

Մեծ Բրիտանիայում կին շինարարները անգամ 13 տոկոս չեն կազմում։ Բրիտանական մի ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ քիչ թվով երիտասարդ կանայք են մտածում շինարարական արդյունաբերության ոլորտում աշխատելու մասին։ Ի տարբերություն դրա՝ Չելմսֆորդի մասնաճյուղի շինհրապարակում աշխատող շինարարների մոտ 40 տոկոսը կանայք են։ Իսկ ծանր սարքավորումներ աշխատեցնողների խմբում կանայք ավելի քան 60 տոկոս են կազմում։

Կանայք ուս-ուսի աշխատում են տղամարդկանց հետ Չելմսֆորդում

Ի՞նչն է օգնում այս Վկա կանանց հաջողությամբ անելու իրենց գործը։ Վերապատրաստումը և աջակցությունը կարևոր դեր են խաղում։ Այս երկու գործոնները նաև «Քընսիդըրըթ Քընսթրաքշն Սքիմ» կազմակերպության գլխավոր նորմերից են։ Ըստ այդ նորմերի՝ շինարարները պետք է գնահատեն իրենց աշխատուժը՝ «ապահովելով այնպիսի աշխատատեղեր, որտեղ յուրաքանչյուրի հանդեպ հարգանք է ցուցաբերվում, արդարացի վերաբերմունք է դրսևորվում, քաջալերանք և աջակցություն է տրվում», ինչպես նաև «կարևորելով վերապատրաստումը»։

Վերապատրաստում են կանանց՝ ծանր սարքավորումներ գործի դնելու համար

Ջեյդը, որը վերապատրաստում է անցել էքսկավատորներ և ինքնաթափեր աշխատեցնելու համար, ասում է. «Ապշեցուցիչ է։ Երբեք չեմ մտածել, որ կկարողանամ դա անել։ Երբեմն աշխատանքը դժվար է, բայց ինձ միշտ մարզում են տալիս և նոր բաներ են սովորեցնում»։ Ջեյդի պես՝ Լյուսին այժմ նույնպես ծանր սարքավորումներ է աշխատեցնում։ Նա հիշում է. «Երբ առաջին անգամ եկա շինհրապարակ, չունեի որևէ հմտություն, որով կկարողանայի օգտակար լինել։ Բայց առաջին իսկ օրվանից վերապատրաստում անցա։ Մինչև այսօր աշխատել եմ հինգ տարբեր խմբերի հետ, ուստի հարուստ փորձ եմ ձեռք բերել»։

Վերապատրաստման դասընթաց

Խմբում կանայք ոչ միայն մեքենաներ են աշխատեցնում, այլև ուրիշ հմտություններ ունեն։ Մի խմբի ղեկավար, որի անունը Էրիկ է, ասում է. «Կանայք հաճախ ավելի լավ են հոգ տանում սարքավորումներին, քան տղամարդիկ։ Նրանք լավ հասկանում են, երբ մեքենան անսարքություն է ունենում, ու տեղեկացնում են այդ մասին»։

Աջակցում են կանանց շինարարության մեջ

Կարլը, որը ծանր սարքավորումներ աշխատեցնող մի քանի խումբ է ղեկավարում, ասում է. «Ես իսկապես տպավորված եմ նրանով, թե ինչպես են կանայք սովորում մեքենաներ վարել։ Որոշ դեպքերում ես ավելի շուտ նրանց կվստահեի ղեկը, քան այն տղամարդկանց, ովքեր տարիների փորձ ունեն»։

Աշխատեցնում են պլաստմասսայե խողովակները իրար զոդող սարքավորումը

Երբ խմբերի ղեկավարները ցույց են տալիս, որ թիկունք են կանգնում իրենց աշխատողներին, վստահություն են ներշնչում նրանց։ Դա երևում է Թերիսի օրինակից։ Մեքենաներ աշխատեցնելու հարցում լինելով փորձառու՝ նա գիտի, որ ծանր սարքավորումներ գործի դնելիս պատասխանատվությունը իր վրա վերցնելը և անվտանգությունը ապահովելու հետ կապված որոշումներ կայացնելը շատ կարևոր են։ Թերիսը բացատրում է. «Երբ գիտեմ, որ ունեմ ղեկավարիս աջակցությունը, կարող եմ անել ավելի շատ, քան ակնկալում էի, քանի որ զգում եմ, որ ինձ վստահում են։ Արժե անել ողջ ծանր աշխատանքը, երբ գիտես, որ մարդիկ գնահատում են այն և հարգանքով են վերաբերվում քո արածին»։

Էքսկավատորներ և ինքնաթափեր աշխատեցնող մեկ ուրիշ կին՝ Աբիգեյլը, գնահատում է, երբ իրեն աջակցում են ու երբ համագործակցում են իր հետ։ Նա ասում է. «Այս շինհրապարակում աշխատող տղամարդիկ չեն վերաբերվում ինձ որպես ստորադասի։ Նրանք պատրաստ են օգնելու, բայց չեն փորձում գործն իրենց ձեռքը վերցնել։ Նրանք թույլ են տալիս, որ ես անեմ այն»։

Գործի վրա կենտրոնացած և բարեխիղճ աշխատողներ

Բացի տարբեր տեսակի ծանր սարքավորումներ աշխատեցնելուց՝ կանայք Չելմսֆորդում վերապատրաստվել են այնպիսի աշխատանքների համար, ինչպիսիք են գեոդեզիական աշխատանքները, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, սարքավորումների վերանորոգումը և փայտամածի հավաքումը։ Ռոբերտը, որը կանանց հետ տարբեր նախագծեր է իրագործել, ասում է, որ նրանք «կենտրոնացած են, ձգտում են գործի մեջ խորամուխ լինել և ուշադիր են ամեն մի մանրուքի հանդեպ»։ Թոմը, որը գեոդեզիական աշխատանքներ է անում, ավելացնում է. «Իմ խմբում կանայք ճշտապահ և բարեխիղճ են։ Նրանք ուզում են ամեն բան տեղը-տեղին անել»։

Զարմանալի չէ, որ խմբի ղեկավար Ֆերգուսը խանդավառությամբ ասում է. «Անկասկած, կանայք իրենց ուրույն տեղն ունեն շինհրապարակում»։

a «Քընսիդըրըթ Քընսթրաքշն Սքիմ»-ը անկախ կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Մեծ Բրիտանիայում շինարարական արդյունաբերության համբավը։