ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
«Մարտարվեստն իմ տարերքն էր»
Ծննդյան տարեթիվը՝ 1962
Երկիրը՝ Միացյալ Նահանգներ
Նախկինում՝ մարտարվեստի նվիրյալ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ
Պարապմունքի ժամանակ ինձ հետ մարզվող ընկերներիցս մեկի քթին պատահաբար հասցված վնասը շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էի։ Ես ինձ մեղավոր էի զգում և մտածում էի՝ պե՞տք է արդյոք շարունակեմ մարտարվեստով զբաղվել։ Իսկ ինչո՞ւ այս սխալը դրդեց ինձ մտածելու թողնել այն սպորտը, որը տարիներ շարունակ իմ տարերքն էր։ Նախ պատմեմ, թե ինչպես սկսեցի մարտարվեստով զբաղվել։
Մեծացել եմ ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի մոտակայքում։ Ընտանիքիս անդամները խաղաղասեր ու ջերմեռանդ կաթոլիկներ էին։ Սովորել եմ կաթոլիկ դպրոցներում և այդ տարիներին եկեղեցում պատարագների ժամանակ օգնել եմ քահանաներին։ Ծնողներս ուզում էին, որ ես ու քույրս կյանքում հաջողակ լինենք։ Այդ իսկ պատճառով նրանք չէին արգելում, որ դպրոցից հետո սպորտով զբաղվեի կամ կես դրույքով աշխատեի, բայց միայն մի պայմանով՝ դպրոցում պետք է լավ սովորեի։ Դա նպաստեց, որ դեռ վաղ տարիքից ինքնակարգապահ դառնամ։
Երբ 17 տարեկան էի, սկսեցի մարտարվեստով զբաղվել։ Տարիներ շարունակ շաբաթը վեց օր, օրը 3 ժամ մարզվում էի։ Ժամերով մտքումս շարժումներ ու հնարքներ էի փորձում, ինչպես նաև տեսանյութեր էի դիտում, որոնք օգնում էին ինձ՝ ավելի ճկուն դառնամ։ Ինձ շատ էր դուր գալիս աչքերս կապած մարզվել, անգամ երբ մարզվում էի սուր գործիքներով։ Ձեռքի մի շարժումով կոտրում էի տախտակներ և աղյուսներ։ Ես մեծ հաջողություններ ունեցա, շատ մրցույթներում բարձր տեղեր գրավեցի և մրցանակներ ստացա։ Մարտարվեստը դարձավ կյանքիս ամենակարևոր բանը։
Ես ինձ հաջողակ մարդ էի համարում։ Համալսարանը ավարտեցի գերազանցության դիպլոմով։ Հետո սկսեցի աշխատել որպես համակարգչային ինժեներ մի մեծ ընկերությունում, որտեղ ինձ մեծ արտոնություններ էին տրված։ Ունեի տուն, ընկերուհի։ Առաջին հայացքից կյանքս հիանալի էր թվում։ Սակայն կյանքի վերաբերյալ որոշ հարցեր կային, որոնք տանջում էին ինձ։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ
Հարցերիս պատասխանները գտնելու համար սկսեցի շաբաթը երկու անգամ եկեղեցի գնալ և Աստծուն աղոթել։ Մի օր ընկերոջս հետ զրույց ունեցա, որը փոխեց կյանքս։ Նրան հարցրի, թե երբևէ մտածել է՝ որն է կյանքի իմաստը, և ինչու այսքան շատ անարդարություն ու խնդիրներ կան։ Նա ասաց, որ ինքն էլ է նմանատիպ հարցեր ունեցել, որոնց գոհացուցիչ պատասխանները գտել է Աստվածաշնչում։ Ընկերս ինձ մի գիրք տվեց, որի վերնագիրն էր «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում»: a Նա ասաց, որ Աստվածաշունչ է ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Սկզբում ես վարանեցի գիրքը վերցնել, քանի որ մտածում էի, որ միայն իմ կրոնի հրատարակությունները պիտի կարդամ։ Սակայն իմ հարցերի պատասխաններն իմանալու ուժգին ցանկությունը մղեց ինձ պարզելու, թե արդյոք խելամիտ է Վկաների սովորեցրածը։
Խիստ զարմացա, երբ իմացա, թե իրականում ինչ է սովորեցնում Աստվածաշունչը. Աստծու սկզբնական նպատակն էր, որ մարդիկ հավիտյան ապրեին երկրային դրախտում, և այդ նպատակը չի փոխվել (Ծննդոց 1։28)։ Ապշեցի, երբ իմ Աստվածաշնչում՝ «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ, տեսա Աստծու անունը՝ Եհովա։ Դա այն անունն էր, որի մասին աղոթում էի, երբ ասում էի «Հայր մեր» աղոթքը (Սաղմոս 83։18; Մատթեոս 6։9)։ Նաև ես վերջապես հասկացա, թե ինչու է Աստված ժամանակավորապես թույլ տվել, որ մարդիկ տառապեն։ Այն, ինչ իմանում էի, տրամաբանական էր։ Շատ ոգևորված էի։
Երբեք չեմ մոռանա, թե ինչ զգացի, երբ առաջին անգամ ներկա եղա Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը։ Բոլորն այնքան սիրալիր էին, նրանք ուզում էին իմանալ իմ անունը։ Այդ օրը հատուկ հանրային ելույթ կար, որից իմացա, թե Աստված որ աղոթքներն է լսում։ Այն ինձ շատ հետաքրքրեց, քանի որ Աստծուն աղոթում էի օգնության համար։ Այնուհետև ներկա եղա Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին։ Ինձ հատկապես տպավորեց այն, որ երբ կարդում էին Աստվածաշնչից, նույնիսկ երեխաներն էին իրենց գրքերով հետևում։ Սկզբում դժվարանում էի գտնել համարները, բայց Վկաները սիրով օգնեցին ինձ և սովորեցրին օգտվել Աստվածաշնչից։
Որքան շատ էի հաճախում հանդիպումներին, այնքան ավելի էր մեծանում Վկաների որակյալ ուսուցման հանդեպ երախտագիտությունս։ Ամեն հանդիպմանը մի նոր բան էի սովորում և միշտ հանդիպումներից հեռանում էի քաջալերված ու թարմացած։ Որոշ ժամանակ անց Վկաներն ինձ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին։
Եհովայի վկաների ժողովներում տեսածս լրիվ տարբերվում էր այն ամենից, ինչ իմ եկեղեցում էի տեսել։ Վկաները անկեղծ մարդկանցից կազմված միասնական խումբ էին, որոնք փորձում էին իրենց լավագույնն անել, որ հաճեցնեն Աստծուն։ Համոզվեցի, որ նրանք դրսևորում էին ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանը՝ սերը (Հովհաննես 13։35)։
Որքան շատ էի ուսումնասիրում, այնքան շատ էի փոխում ապրելակերպս, որ աստվածաշնչյան սկզբունքներով ապրեմ։ Սակայն կարծում էի, որ երբեք չեմ կարողանա թողնել մարտարվեստը։ Շատ էի սիրում մարզվել ու մրցել։ Երբ դրա մասին խոսեցի ինձ հետ ուսումնասիրող Վկայի հետ, նա ասաց. «Պարզապես շարունակիր ուսումնասիրել։ Ես գիտեմ, որ դու ճիշտ որոշում կկայացնես»։ Ինձ հենց դա էր պետք լսել։ Գիտելիքներ ստանալուն զուգընթաց՝ ցանկանում էի ավելի շատ հաճեցնել Եհովա Աստծուն։
Ինձ համար շրջադարձային եղավ այն դեպքը, որի մասին նշեցի սկզբում։ Այն բանից հետո, երբ պատահաբար հարվածեցի ինձ հետ մարզվող ընկերներիցս մեկի քթին, սկսեցի լրջորեն մտածել, թե արդյոք կկարողանայի Քրիստոսի խաղաղ հետևորդ դառնալ, եթե շարունակեի մարտարվեստով զբաղվել։ Եսայիա 2։3, 4-ում ասվում է, որ նրանք, ովքեր հնազանդվում են Աստծուն, «այլևս չեն սովորելու պատերազմել»։ Իսկ Հիսուսը սովորեցրել էր բռնություն չգործադրել, նույնիսկ անարդարության բախվելու դեպքում (Մատթեոս 26։52)։ Այս ամենը իմանալուց հետո թողեցի այն սպորտը, որն այդքան շատ էի սիրում։
Այնուհետև վճռեցի առաջնորդվել աստվածաշնչյան հետևյալ սկզբունքով՝ «մարզիր քո անձը՝ Աստծու հանդեպ նվիրված լինելու նպատակով» (1 Տիմոթեոս 4։7)։ Որոշեցի, որ այն ամբողջ ժամանակն ու ջանքերը, որ նախկինում ներդրել էի մարտարվեստում, հիմա պետք է ներդնեմ հոգևորի մեջ։ Ընկերուհիս համաձայն չէր այն ամենին, ինչ սովորում էի Աստվածաշնչից, ուստի բաժանվեցինք։ 1987 թ. հունվարի 24-ին մկրտվեցի և դարձա Եհովայի վկա։ Կարճ ժամանակ անց լիաժամ ծառայություն սկսեցի ու ինձ ամբողջությամբ տրամադրեցի ուրիշներին Աստվածաշունչ սովորեցնելու գործին։ Դրանից հետո չեմ դադարեցրել լիաժամ ծառայությունս։ Որոշ ժամանակ էլ ծառայել եմ Եհովայի վկաների գլխավոր վարչությունում՝ Նյու Յորքում։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ
Աստծու մասին ճշմարտությունն իմանալուց հետո կարող եմ ասել, որ գտել եմ այն, ինչ պակասում էր իմ կյանքում։ Այլևս չունեմ դատարկության զգացում։ Փոխարենը՝ ունեմ իմաստալից կյանք և ապագայի իսկական հույս, ինչը ինձ երջանիկ է դարձնում։ Դեռ շարունակում եմ կանոնավոր մարզվել, սակայն այդ մարզումներն այլևս ամենակարևորը չեն իմ կյանքում։ Կյանքիս գլխավոր նպատակը Եհովա Աստծուն ծառայելն է։
Երբ մարտարվեստով էի զբաղվում, միշտ զգոն էի շուրջս գտնվող մարդկանց նկատմամբ, քանի որ մտածում էի, որ եթե ինչ-որ մեկը հարձակվի, պետք է պաշտպանեմ ինձ։ Հիմա էլ եմ ուշադիր, սակայն այլ պատճառով՝ որ օգնեմ մարդկանց։ Աստվածաշնչի շնորհիվ ես առատաձեռն մարդ եմ դարձել և ավելի լավ ամուսին իմ գեղեցիկ կնոջ՝ Բրենդայի համար։
Ճիշտ է, մարտարվեստն իմ տարերքն էր, սակայն ես ավելի լավ բան եմ գտել։ Աստվածաշնչում լավ է ասվում. «Մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ Աստծու հանդեպ նվիրվածությունը օգտակար է ամեն բանի համար, քանի որ այն ներառում է ինչպես ներկա, այնպես էլ գալիք կյանքի խոստումը» (1 Տիմոթեոս 4։8)։
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։