Նա սովորեց բանտարկյալներից
2011 թ.-ին մի մարդ Էրիթրեայից գաղթեց Նորվեգիա։ Երբ Եհովայի վկաները այցելեցին նրան և զրուցեցին նրա հետ, նա պատմեց, որ իր հայրենիքում հանդիպել է Վկաների։ Այդ մարդն ասաց, որ զինծառայող է եղել և տեսել է, թե ինչպես էին իրենց հավատի համար բանտարկված Վկաները հրաժարվում բանակում ծառայելուց, նույնիսկ երբ նրանց հետ դաժանաբար էին վարվում։
Սակայն նրա կյանքում դեպքերի կտրուկ փոփոխություն էր տեղի ունեցել, և նա ինքն էր հայտնվել կալանավայրում։ Այնտեղ նա ծանոթացել էր երեք Վկաների՝ Պաուլոս Իյասուի, Նեգեդե Տեկլեմարիամի և Իսակ Մոգոսի հետ, որոնք 1994 թ.-ից ազատազրկված են իրենց հավատի համար։
Կալանավայրում այդ մարդը իր աչքով էր տեսել, որ Եհովայի վկաները ապրում են իրենց սովորեցրածի համաձայն։ Նա նկատել էր նրանց ազնվությունը և այն, որ նույնիսկ իրենց ուտելիքը կիսում էին ուրիշ բանտարկյալների հետ։ Նա տեսել էր, թե ինչպես էին իր Վկա բանտակիցները ամեն օր միասին ուսումնասիրում Աստվածաշունչը և ուրիշներին հրավիրում միանալ իրենց։ Երբ նրանց առաջարկել էին ազատություն շնորհել իրենց հավատն ուրանալու մասին փաստաթուղթ ստորագրելու դիմաց, նրանք հրաժարվել էին։
Այս ամենը խորապես տպավորել էր այդ անկեղծ մարդուն, և Նորվեգիայում բնակություն հաստատելուց հետո նա ցանկացել էր իմանալ, թե ինչն է պատճառը, որ Եհովայի վկաները այդքան ամուր հավատ ունեն։ Ուստի երբ Վկաները կապ հաստատեցին նրա հետ, նա անմիջապես սկսեց նրանց օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը և հաճախել ժողովի հանդիպումներին։
2018 թ. սեպտեմբերին նա մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։ Այժմ այդ անհատն ամեն առիթ օգտագործում է Էրիթրեայից և Սուդանից եկած մարդկանց հետ կապ հաստատելու համար, որպեսզի հորդորի նրանց ուսումնասիրել Աստվածաշունչը և ամուր հավատ զարգացնել։