Անցնել բովանդակությանը

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ալբանիա և Կոսովո

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ալբանիա և Կոսովո

 «Երբեք չեմ մտածել, որ այսքան բան կարող եմ անել Եհովայի համար»։ Այս խոսքերն ասաց Գվեն անունով մի քույր, որը ծնունդով Անգլիայից է, սակայն ծառայում է Ալբանիայի այն տարածքում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ a

 Գվենը մեկն է այն բազմաթիվ Եհովայի վկաներից, որոնք տեղափոխվել են Ալբանիա, որպեսզի օգնեն հավաքել «ազգերի ցանկալի գանձերը» (Անգե 2:7)։ Ի՞նչն է մղել այս քարոզիչներին նման բան անելու, ի՞նչ փոփոխություններ են նրանք արել, որպեսզի կարողանան տեղափոխվել, և ի՞նչն է նրանց օգնել դիմանալ՝ չնայած դժվարություններին։

Տարբեր հանգամանքներ, բայց մեկ ցանկություն

 Ալբանիա ժամանած բոլոր քարոզիչների մղումը մեկն է. նրանք սիրում են Եհովային և ցանկանում են ուրիշներին պատմել նրա մասին։

 Նախքան տեղափոխվելը այդ եղբայրներն ու քույրերը քայլեր են ձեռնարկել, որպեսզի ընդլայնեն իրենց ծառայությունը, իսկ դա իր հերթին օգնել է, որ դիմանան արտերկրում ծառայելու դժվարություններին։ Գվենն ասում է. «Նախ՝ ես տեղափոխվեցի իմ քաղաքի ալբանախոս ժողով։ Հետո՝ գնացի Ալբանիա՝ համաժողովի։ Ավելի ուշ նորից որոշ ժամանակով գնացի այդ երկիր, որպեսզի ավելի լավ սովորեմ լեզուն»։

Գվեն

 Մանուելա անունով մի քույր 23 տարեկանում տեղափոխվեց իր երկրի՝ Իտալիայի մեկ այլ մարզ, որ օգնի մի փոքրիկ ժողովի։ Նա պատմում է. «Այնտեղ չորս տարի ծառայեցի։ Հետո իմացա, որ Ալբանիայում շատ գործ կա անելու։ Դրա համար որոշեցի մի քանի ամիս այնտեղ ռահվիրա ծառայել»։

Մանուելա (մեջտեղում)

 Ֆեդերիկան ընդամենը յոթ տարեկան էր, երբ համաժողովում լսեց հաշվետվություն Ալբանիայի մասին։ Քույրն ասում է. «Հաշվետվությունը ներկայացնող եղբայրն ասաց, որ Ալբանիայի քարոզիչները Աստվածաշնչի շատ ուսումնասիրություններ են սկսում, և որ հետաքրքրվողները գալիս են ժողովի հանդիպումներին։ Այդ ժամանակ ծնողներիս ասացի, որ ուզում եմ գնալ Ալբանիա։ Ճիշտ է, իմ ցանկությունը նրանց զարմացրեց, սակայն հայրս ասաց, որ այդ մասին աղոթեմ Եհովային, և եթե դա նրա կամքով է, ապա նա կլսի։ Մի քանի ամիս անց մեր ընտանիքին հրավիրեցին Ալբանիա՝ ծառայելու»։ Այդ դեպքից շատ տարիներ են անցել, և հիմա Ֆեդերիկան ու նրա ամուսինը՝ Օրջեսը, լիաժամ ծառայողներ են Ալբանիայում։

Օրջես և Ֆեդերիկա

 Թոշակի անցնելուց հետո Ժանպիերոն և նրա կինը՝ Գլորիան, տեղափոխվեցին Ալբանիա։ Նա ասում է. «Մենք մեր որդիներին մեծացրել ենք Իտալիայում։ Նրանք երեքն էլ տեղափոխվեցին այնպիսի երկիր, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Մեզ համար խթան հանդիսացավ «Դիտարան»-ում տպագրված «Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»» հոդվածը։ Մենք մտածեցինք, թե ինչպես կարող ենք իմ թոշակով ծառայել Ալբանիայում»։

Ժանպիերո և Գլորիա

Մանրակրկիտ պլանավորում

 Այն մարդիկ, որոնք ցանկանում են տեղափոխվել, պետք է նախապես պլանավորեն և փոփոխություններ մտցնեն իրենց կյանքում, որպեսզի կարողանան տեղափոխվել (Ղուկաս 14:28)։ Տարբեր հարցերի մասին մտածելուց բացի՝ նրանք նաև պետք է մտածեն, թե ինչպես են հոգալու իրենց կարիքները։ Գվենը, որի մասին հիշատակվեց հոդվածի սկզբում, երբ դեռ Անգլիայում էր, գումար խնայելու համար տեղափոխվեց իր քրոջ մոտ։ Սոֆիան և Քրիստոֆերը, որոնք նույնպես Անգլիայից են, պատմում են. «Մենք վաճառեցինք մեր ավտոմեքենան և կահույքի մի մասը։ Մենք ուզում էինք առնվազն մեկ տարի մնալ Ալբանիայում»։ Անչափ ուրախ ենք, որ նրանք ավելի երկար մնացին այնտեղ։

Քրիստոֆեր և Սոֆիա

 Որոշ քարոզիչներ մի քանի ամիս ապրում են Ալբանիայում, հետո վերադառնում են տուն, աշխատում, գումար խնայում և նորից հետ գնում Ալբանիա։ Էլիսեոն և Միրիամը հենց այդպես են վարվել։ Էլիսեոն ասում է. «Միրիամը Իտալիայի զբոսաշրջային վայր համարվող տարածքից է։ Այնտեղ սեզոնային աշխատանք գտնելը հեշտ է։ Ամռան երեք ամիսներին մենք աշխատում էինք այնտեղ, իսկ մյուս ինը ամիսներին՝ մեր խնայողություններով ապրում Ալբանիայում։ Հինգ տարի այդպես ենք ապրել»։

Միրիամ և Էլիսեո

Դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել

 Տեղափոխվելուց հետո քարոզիչները պետք է հարմարվեն նոր հանգամանքներին, և այս հարցում տեղի Վկաների օրինակն ու խորհուրդները կարող են օգտակար լինել։ Սոֆիան, ում մասին խոսեցինք ավելի վաղ, ասում է. «Ձմռանը Ալբանիայում տները շատ սառն են, ես սովոր չէի դրան։ Այստեղի քույրերին նայելով՝ սովորեցի ճիշտ հագնվել»։ Գժեգոժն ու նրա կինը՝ Սոնան, Լեհաստանից տեղափոխվեցին Կոսովոյի b Պրիզրեն քաղաք։ Գժեգոժն ասում է. «Այստեղի քարոզիչները շատ խոնարհ են, բարի ու համբերատար։ Նրանք օգնում են մեզ լեզուն սովորելու և շատ այլ հարցերում։ Օրինակ՝ նրանք մեզ ասել են այն բոլոր խանութների անունները, որտեղ գները համեմատաբար մատչելի են, և բացատրել են, թե ինչպես առևտուր անել տեղի շուկայից»։

Ուրախանալու բազմաթիվ պատճառներ

 Տեղափոխված քարոզիչներին նաև շատ է օգնում տեղի Վկաների հետ ընկերանալը և նրանց մոտիկից ճանաչելը։ Սոնան ասում է. «Այստեղ ես համոզվեցի, թե որքան զորեղ է Եհովայի սերը։ Հավատակիցներիս շնորհիվ հավատս ամրացավ, քանի որ այստեղ տեսա, թե նրանք Եհովայի մասին սովորելիս ինչպես են ամբողջությամբ փոխում իրենց հավատալիքներն ու կյանքը։ Ինձ պիտանի զգացի, հասկացա, թե որն է իմ տեղը ժողովում։ Մենք ուս ուսի ծառայում ենք մեր եղբայրների ու քույրերի հետ, որոնք դարձել են մեր ընկերները» (Մարկոս 10:29, 30)։ Գլորիան ասում է. «Ես ճանաչում եմ այնպիսի քույրերի, որոնք դաժան հակառակության են բախվել իրենց համայնքի կողմից։ Ինձ շատ է տպավորում Եհովայի հանդեպ ունեցած նրանց սերը»։

Գժեգոժ և Սոնա

 Այս քարոզիչները նաև արժեքավոր դասեր սովորելու հնարավորություն ունեն, դասեր, որոնք գուցե չսովորեին, եթե մնային իրենց քաղաքում։ Օրինակ՝ նրանք համոզվել են, որ սեփական հարմարավետության գոտուց դուրս գալը և Եհովայի համար ավելին անելը ուրախություն են պատճառում։ Ստեֆանոն այսպես է արտահայտվում. «Մեր քաղաքում ես հիմնականում քարոզում էի խոսասարքի առաջ ու կարճ մատուցումներ անում։ Իսկ ալբանացիները սիրում են երկար խոսել հատկապես սուրճի սեղանի շուրջ։ Ամաչկոտությանս պատճառով սկզբում շփոթվում էի, չգիտեի՝ ինչ ասել։ Սակայն ժամանակի ընթացքում սովորեցի հետաքրքրվել մարդկանցով ու հիմա հաճույքով եմ զրույցներ վարում նրանց հետ։ Այժմ քարոզելուց ավելի մեծ բավարարվածություն եմ ստանում»։

Ալիդա և Ստեֆանո

 Լեան Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ալբանիա է տեղափոխվել ամուսնու՝ Ուիլիամի հետ։ Նա ասում է. «Այստեղ ծառայելը մեզ նոր մտածողություն սովորեցրեց և ընդարձակեց մեր մտահորիզոնը։ Մենք շատ բաներ սովորեցինք հյուրասիրության, հարգանքի և ընկերության մասին, նաև քարոզելու նոր կերպեր սովորեցինք, սովորեցինք տրամաբանել Աստծու Խոսքի շուրջ, ինչպես նաև արտահայտել մեր մտքերը»։ Իսկ Ուիլիամն ասում է. «Ալբանիա այցելող մարդկանց մեծամասնությանը տպավորում են գեղեցիկ ծովափերը։ Ինձ անձամբ դուր է գալիս ալբանական Ալպեր քայլարշավների գնալը։ Բայց ամենաշատը մարդկանց եմ սիրում։ Մեր տարածքի գյուղերում մարդիկ շատ քիչ են լսել ճշմարտության մասին, այն էլ՝ հատուկ քարոզարշավների ժամանակ։ Երբ գնում ենք այդ գյուղերը, երբեմն ամբողջ օրը մնում ենք այնտեղ ու զրուցում մի քանի ընտանիքների հետ»։

Ուիլիամ և Լեա

 Ամենամեծ ուրախությունը այս քարոզիչները ստանում են բարի լուրի հանդեպ մարդկանց դրական արձագանքից (1 Թեսաղոնիկեցիներ 2:19, 20)։ Լաուրան, ով ամուրի քույր է և տեղափոխվել է Ալբանիա, ասում է. «Որոշ ժամանակ ծառայել եմ Ֆիերիում։ Ընդամենը երկուսուկես տարում 120 նոր քարոզիչ ենք ունեցել։ Նրանցից 16-ի հետ ես եմ ուսումնասիրել»։ Մեկ այլ քույր, որի անունը Սանդրա է, պատմում է. «Ես վկայություն տվեցի խանութում աշխատող մի կնոջ։ Նա դարձավ Եհովայի վկա և վերադարձավ իր գյուղ։ Ըստ վերջին տվյալների՝ նա Աստվածաշնչի 15 ուսումնասիրություն է սկսել»։

Լաուրա

Սանդրա

Դիմացկունությունը օրհնություններ է բերում

 Ալբանիա տեղափոխված որոշ քարոզիչներ արդեն տարիներ շարունակ ուրախությամբ ծառայում են այնտեղ։ Երբեմն նրանք շատ են ուրախանում՝ տեսնելով իրենց աշխատանքի պտուղները. մարդիկ, ում վկայություն են տվել տարիներ առաջ, ընդունում են ճշմարտությունը (Ժողովող 11:6)։ Քրիստոֆերը, որի մասին խոսեցինք ավելի վաղ, ասում է. «Պատահաբար հանդիպեցի մի մարդու, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրել, երբ նոր էի եկել Ալբանիա։ Այնքան հուզիչ էր, որ նա ամենայն մանրամասնությամբ հիշում էր Աստվածաշնչի մասին մեր առաջին զրույցները։ Այժմ նա և նրա կինը մկրտված Վկաներ են»։ Ֆեդերիկան, որի մասին նույնպես խոսել ենք հոդվածի սկզբում, ասում է. «Ժողովներից մեկում մի քույր մոտեցավ ինձ ու հարցրեց, թե արդյոք հիշում եմ իրեն։ Նա ասաց, որ ես իրեն քարոզել եմ ինը տարի առաջ։ Իմ՝ մեկ այլ քաղաք տեղափոխվելուց որոշ ժամանակ անց նա սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել, առաջադիմել էր ու մկրտվել։ Ես մտածում էի, թե սկզբնական տարիներին ոչ մի արդյունք չի եղել, բայց չարաչար սխալվում էի»։

 Ալբանիա և Կոսովո տեղափոխված քույրերն ու եղբայրները երախտապարտ են Եհովային օրհնություններ և բավարարվածություն պատճառող կյանք պարգևելու համար։ Ալբանիայում շատ տարիներ անցկացնելուց հետո Էլիսեոն ասում է. «Մենք՝ մարդիկս, մտածում ենք, որ այս աշխարհում կայունության կարող ենք հասնել, եթե վստահենք այն ամենին, ինչ այս աշխարհն է կայուն համարում։ Սակայն դա պատրանք է։ Եհովայի սկզբունքներն են կայունություն ու կյանքի իմաստ տալիս։ Այստեղի իմ ծառայությունը օգնում է, որ չմոռանամ դա։ Ես ինձ պիտանի ու գնահատված եմ զգում։ Կողքիս կանգնած են ընկերներս, որոնք նույն նպատակներն ունեն»։ Սանդրան ասում է. «Երբ տեղափոխվեցի այնտեղ, ուր քարոզիչների կարիք կար, ասես Եհովան ինձ հնարավորություն տվեց իրականացնելու միսիոներ դառնալու իմ վաղեմի երազանքը։ Չեմ ափսոսում, որ տեղափոխվել եմ Ալբանիա։ Երբեք այսքան երջանիկ չեմ եղել»։

a Ալբանիայում ծավալած մեր քարոզչական գործունեության մասին ավելին իմանալու համար տես «Եհովայի վկաների տարեգիրք 2010»-ը (ռուսերեն, անգլերեն

b Կոսովոն տեղակայված է Ալբանիայի հյուսիս-արևմուտքում։ Այս շրջանում շատերը խոսում են ալբանական բարբառով։ Ալբանիայից, եվրոպական որոշ երկրներից և Միացյալ Նահանգներից շատ Վկաներ անձնվիրաբար տեղափոխվել են Կոսովո, որպեսզի օգնեն ալբանական բարբառով խոսողներին։ 2020 թ. տվյալներով՝ 8 ժողովներում, 3 խմբերում և 2 նախախմբերում ծառայում է 256 քարոզիչ։