Ոստիկանական ուղեկցություն Ջոզեֆի համար
Եթե Եհովայի վկա ես, կարո՞ղ ես պատկերացնել այսպիսի տեսարան. դու տնից տուն քարոզում ես բարի լուրը, իսկ ոստիկանները ուղեկցում են քեզ։ 2017 թ.-ին հենց այդպիսի բան տեղի ունեցավ Միկրոնեզիայում բնակվող Ջոզեֆի հետ։ Նա և երեք այլ Վկաներ մասնակցում էին հատուկ քարոզարշավի, որպեսզի բարի լուրը պատմեն հեռավոր կղզիներում ապրող մարդկանց։
Կեսօրին մոտ չորս Վկաներ ժամանեցին մի փոքր օղակակղզի, որտեղ ապրում էր մոտավորապես 600 մարդ։ Ափին Վկաներին ողջունեց կղզու վարչակազմի ղեկավարը։ Ջոզեֆը պատմում է, թե ինչ եղավ հետո. «Ղեկավարն ասաց, որ ոստիկանները իրենց մեքենայով կարող են տանել մեզ բոլոր տները։ Մեզ զարմացրեց այդ առաջարկը, բայց հարգալից կերպով մերժեցինք այն։ Ուզում էինք այցելել մարդկանց այնպես, ինչպես սովորաբար անում ենք տնից տուն գնալիս»։
Քարոզիչները ոտքով գնացին։ Նրանք վճռել էին հնարավորինս շատ մարդկանց հետ զրուցել։ «Մարդիկ հյուրասեր էին և հետաքրքվում էին մեր հայտնած լուրով,— պատմում են նրանք։— Արդյունքում՝ մեր ակնկալածից ավելի շատ ժամանակ անցկացրինք յուրաքանչյուր տանը»։
Այդ օրը՝ ավելի ուշ, ոստիկանական մեքենան երկու անգամ անցավ Ջոզեֆի կողքով, իսկ երրորդ անգամ կանգ առավ։ Ոստիկանները հարցրին Ջոզեֆին, թե արդյոք կարող են ուղեկցել նրան այն տները, որտեղ նա դեռ չէր եղել։ «Ես պատասխանեցի՝ ո՛չ,— պատմում է Ջոզեֆը։— Բայց այս անգամ նրանք համառեցին՝ ասելով. «Դուք շատ քիչ ժամանակ ունեք, այդ պատճառով մենք կտանենք ձեզ մնացած տները»։ Ես չկարողացա մերժել նրանց առաջարկը, քանի որ դեռ բավականին թվով տներ կային, որ պետք է գնայի։ Ամեն մի տանը մոտենալիս ոստիկանները հայտնում էին ինձ այնտեղ ապրող ընտանիքի անդամների անունները և նշում, որ եթե թակելուց հետո ոչ ոք դուռը չբացի, նրանք տանտիրոջը նախազգուշական ազդանշան կտան։
Այս հավելյալ օգնությամբ մենք այդ օրը կարողացանք գնալ բոլոր տները։ Բավականին շատ գրականություն տարածեցինք և պայմանավորվեցինք նորից այցելել այն մարդկանց, ովքեր հետաքրքրություն էին ցույց տվել»։
Ոստիկաններն ասացին Ջոզեֆին, որ իրենց «իսկապես դուր եկավ բարի լուր տարածելը»։ Երբ արևամուտին Վկաները հեռանում էին, ոստիկանները, ծովափին կանգնած, ժպիտը դեմքներին և աստվածաշնչյան գրականությունը բռնած, ձեռքով էին անում նրանց։