Անցնել բովանդակությանը

Ջրհեղեղ, որն իր հետ բարի լուր բերեց

Ջրհեղեղ, որն իր հետ բարի լուր բերեց

 2017 թ.-ին տասներկու Վկաներ նավակով Նիկարագուայի Մոսկիտյան ափից ճանապարհ ընկան։ Նավակի անունն էր «Ստուրի Յամնի»։ Խմբի անդամներից մեկը՝ Ստեֆանը, ասում է. «Մեր նպատակն էր քաջալերել մեկուսի տարածքում ապրող Վկաների փոքր խմբին և օգնել նրանց քարոզել բարի լուրը իրենց մեծ տարածքում»։

 Վկաները ճանապարհ ընկան Մարգարիտների ծովածոցից դեպի Ռիո Գրանդե դե Մատագալպա, որը գտնվում էր մոտ 200 կմ (125 մղոն) հեռավորության վրա։ Այդ ժամանակ նրանք դեռ չգիտեին, որ իրենց նավակի անունը, որը միսկիտո լեզվից թարգմանաբար նշանակում է «բարի լուր», առանձնահատուկ նշանակություն էր ունենալու տեղի բնակիչների համար։ Գիշերակացը չհաշված՝ մոտ 12 ժամ ճամփորդությունից հետո Վկաները հասան Լա Կրուզ դե Ռիո Գրանդե համայնք։ Այդտեղ ապրող վեց Վկաները ջերմորեն դիմավորեցին իրենց հոգևոր եղբայրներին և քույրերին։

 Սակայն այդ գիշեր մի սարսափելի բան տեղի ունեցավ։ Ուժգին փոթորիկը հորդառատ անձրևներ բերեց։ Մի քանի ժամվա ընթացքում Ռիո Գրանդե դե Մատագալպա գետը վարարեց, և երկու օր նրա մակարդակը շարունակեց բարձրանալ։ Գետը հեղեղեց Լա Կրուզի Թագավորության սրահը և շատ տներ։ Ժամանած եղբայրները բնակիչներին օգնեցին տեղափոխվել հեղեղված տներից։ Տարհանվածների մեծ մասը հաջորդ երկու գիշերը անցկացրեց մեր քույրերից մեկի երկհարկանի տանը։

Լա Կրուզի հեղեղված Թագավորության սրահը

 Երրորդ օրը Լա Կրուզի քաղաքապետը այցելեց ժամանած Վկաներին, որ նրանցից օգնություն խնդրի։ Քանի որ «Ստուրի Յամնի» նավակը միակն էր, որ կանցներ հեղեղված գետով, քաղաքապետը եղբայրներին խնդրեց աղետից տուժածներին օգնելու նպատակով փրկարարների մի խմբի տեղափոխել այլ համայնքներ։ Վկաները ուրախությամբ համաձայնեցին։

 Հաջորդ առավոտ երեք Վկաներ այդ խմբի հետ ճանապարհ ընկան։ Հիշելով այդ դեպքը՝ Ստեֆանը պատմում է. «Գետը դեռ վարարած էր։ Արմատախիլ եղած հսկայական ծառերը լողում էին ջրի երեսին, մեծ ջրապտույտներ էին առաջացել, իսկ գետի արագությունը 18 կմ/ժ-ից (11 մղոն/ժ) ավել էր»։ Չնայած խոչընդոտներին՝ նավակը հաջողությամբ հասավ երեք համայնքներ։

 Վկաները, առիթից օգտվելով, մխիթարեցին տեղաբնակներին։ Նրանք նաև տարածեցին 2017 թ. «Արթնացե՛ք»-ի թողարկումներից մեկը՝ «Երբ վրա է հասնում աղետը. քայլեր, որոնք կարող են փրկել ձեր կյանքը»։ Դա հենց այն էր, ինչ նրանց պետք էր այդ իրավիճակում։

 Գետափնյա տարածքներում ապրող այդ մարդիկ շատ շնորհակալ էին, որ Վկաները իրենց գործնական և հոգևոր օգնություն տրամադրեցին։ Տեղաբնակներից մի քանիսն ասացին. «Նրանք պատրաստ են օգնելու դժվար ժամանակներում»։ Որոշ մարդիկ էլ նշեցին հետևյալը. «Նրանք իսկապես սիրում են իրենց մերձավորին»։ Իրենց հավատակիցներին ու մյուսներին օգնելու Վկաների պատրաստակամությունը տեսնելուց հետո այդ գյուղերում ապրող մարդկանցից շատերը ավելի հակված են լսելու բարի լուրը։

Խմբի անդամներից մեկը՝ Մարկոն, դուրս է եկել «Ստուրի Յամնի» նավակից, որպեսզի գնա բարի լուրը քարոզելու

«Ստուրի Յամնի» նավակը՝ հեղեղված գյուղում