Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2017
ԲՈԼԻՎԻԱ

Եհովայի վկաները պարգևա­տրվում են Բոլիվիա­յում անցկացված համաժողովի ժամանակ տեղաբնիկ­ների մշակույթը ներկայացնող ցուցահանդես կազմա­կերպելու համար

Եհովայի վկաները պարգևա­տրվում են Բոլիվիա­յում անցկացված համաժողովի ժամանակ տեղաբնիկ­ների մշակույթը ներկայացնող ցուցահանդես կազմա­կերպելու համար

ՍԱՆՏԱ ԿՐՈՒԶ, Բոլիվիա։ 2017թ. հոկտեմբերի 27–29-ին 20 երկրներից մոտ 17000 մարդ ներկա եղավ Կոչաբամբայում (Բոլիվիա) Եհովայի վկաների կազմակերպած համաժողովին։ Այդ միջոցառումով տպավորված՝ բոլիվիական երկու հաստատություններ պարգևատրեցին Վկաներին համաժողովի վայրում բարեկարգման մեծ աշխատանքներ կատարելու և Բոլիվիայի տեղաբնիկների բազմազան մշակույթը ցուցահանդեսի միջոցով ներկայացնելու համար։

Սկսած 2012թ.-ից՝ Եհովայի վկաները իրենց տարածաշրջանային համաժողովները անցկացնում են «Ֆունդասիոն պարա լա ֆերիա ինտերնասիոնալ դե Կոչաբամբա» (այսուհետ՝ FEICOBOL) անունով ցուցահանդես-վաճառքի տարածքում։ Սովորաբար Վկաները համաժողովի անցկացման նախորդող օրերին մաքրում են այդ վայրը։ Սակայն այս տարի մոտ 4900 Վկա կամավորներ տարածքը նախապատրաստելու համար 15 օր ներսից և դրսից բարեկարգել են շինությունը, որպեսզի հազարավոր մարդիկ ներկա լինեն համաժողովին։ Նրանք ներկարարական աշխատանքներ են կատարել, խողովակներ են անցկացրել, տեղադրել են աուդիո/վիդեո համակարգեր, ինչպես նաև ցանցեր։ Բացի այդ, ավարտին են հասցրել լրացուցիչ արտաքին ձևավորման աշխատանքները, որոնք ներառում էին այգու մշակում, նստարանների վերանորոգում և փողոցի լուսավորում։

FEICOBOL-ի կողմից Վկաներին տրված մրցանակը

Տեղի Վկաները նաև թանգարան կառուցեցին, որտեղ ներկայացվեց Բոլիվիայի տեղաբնիկների մշակույթը, որպեսզի տարբեր երկրներից հրավիրված ավելի քան 1800 պատվիրակները պատկերացում կազմեն նրանց մասին։ Ցուցահանդեսում ներկայացվեցին գյուղատնտեսական մթերքներ և որմնանկարներ։ Նաև Բոլիվիային հատուկ ճարտարապետական ոճով կառուցված տների երեք նմուշներ ցուցադրվեցին, որոնք Վկաները նվիրաբերեցին FEICOBOL-ին։

Կոչաբամբայի մշակույթի դեպարտամենտի խորհրդի շնորհած մրցանակը

FEICOBOL-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալդո Վակաֆլորեսը, որը Վկաներին հանձնեց մրցանակը՝ որպես նրանց կատարած աշխատանքի համար գնահատանքի արտահայտում, ասաց. «Մենք մինչև սրտի խորքը տպավորված ենք ձեր եկեղեցու անդամների նվիրվածությամբ»։ Նա ավելացրեց. «Դուք խանդավառությամբ ու նվիրվածությամբ եք կազմակերպել [համաժողովը], ինչը արժանացել է բոլոր ներկաների հիացմունքին։ Մենք կկիրառենք դա որպես օրինակ»։

Տպավորված լինելով թանգարանի ցուցադրությամբ՝ պետական հիմնարկություններից մեկը՝ Կոչաբամբայի մշակույթի դեպարտամենտի խորհուրդը, Վկաներին մրցանակ շնորհեց։ Սդենկա Ֆուենտեսը՝ խորհրդի նախագահը, անձամբ շնորհակալություն հայտնեց Վկաներին Կոչաբամբան որպես համաժողովի հյուրընկալ քաղաք ընտրելու համար և նշեց, որ այդ թանգարանը առանձնահատուկ կերպով ներկայացնում է Բոլիվիայի բազմազան մշակույթը։

Վկաների կառուցած թանգարանում ներկայացվում էր Բոլիվիայի տեղաբնիկների մշակույթը

Բոլիվիայում Եհովայի վկաների խոսնակ Գարթ Գուդմանը նշում է. «Ծրագիրը հեռարձակվեց վեց այլ քաղաքներում և հրաշալի հնարավորություն տվեց ընդհանուր առմամբ 49320 մարդկանց միասին երկրպագություն մատուցելու։ Մենք ուրախ ենք, որ համայնքը գնահատեց այն հարգանքը, որը ցուցաբերեցինք մեր հյուրընկալ քաղաքի՝ Բոլիվիայի և նրա տեղաբնիկ ժողովուրդների յուրահատուկ մշակույթների նկատմամբ»։

Եհովայի վկաները Բոլիվիայում աստվածաշնչյան կրթություն են տրամադրում՝ սկսած 1924թ.-ից։ 2017թ. սկզբին երկու շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, երբ նրանք լույս ընծայեցին Քրիստոնեական Հունարեն Գրությունների (Նոր Կտակարան) թարգմանությունը կեչուա և այմարա լեզուներով։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Բոլիվիա: Գարթ Գուդման, +591-3-342-3442